Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Մեդալի տեսանելի և անտեսանելի կողմերը

Մեդալի տեսանելի և անտեսանելի կողմերը
23.09.2008 | 00:00

ԱՇԽԱՐՀԻ 2-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Մայրաքաղաքի խուլ-համրերի մարզամշակութային պալատի դահլիճում ավարտվեց խուլ-համրերի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երկրորդ առաջնությունը։ Հայաստանի ողջ պատմության մեջ առաջին անգամ Երևանը դարձավ նման առաջնության մրցատեղի։ Հաղթողի կոչումը վիճարկեցին 18 երկրների 220 ուժեղագույն ըմբիշներ։ Հարկ է նշել, որ աշխարհի առաջնություններն անցկացվում են երեք, Եվրոպայի առաջնությունները՝ երկու տարին մեկ, բացի այդ, անցկացվում են նաև խուլ-համրերի օլիմպիական խաղեր։ 2009 թվականին հերթական օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում։ Այնպես որ, վստահորեն կարելի է ասել, Երևանից ոմանց արդեն երևում է Պեկինը, և նրանց թվում են նաև մեր հանրապետության ներկայացուցիչները, որոնք իրենց դրսևորեցին լավագույն կողմերով։ «Դինամո» մարզական ընկերության հունահռոմեական ոճի չորս ըմբիշ դուրս եկավ գորգ, և նրանցից երեքը բարձրացավ պատվո պատվանդան։ Մրցումների առաջին օրը բրոնզե պարգևի արժանացավ 66 կգ քաշային Ժորա Գրիգորյանը, իսկ հաջորդ օրն այդ հաջողությունը զարգացրին 60 կգ քաշային Ստեփան Հարությունյանն ու 74 կգ քաշային Ազիզ Ամոյանը։
-Ստեփանի ելույթներից շատ գոհ ենք,- զրույցի ժամանակ ասաց Հայաստանի վաստակավոր մարզիչ Համլետ Հովհաննիսյանը։- Ես և իմ ավագ գործընկեր, Խորհրդային Միության վաստակավոր մարզիչ Հարություն Խաչատրյանը սպասում էինք, որ նախորդ առաջնության փոխչեմպիոնն այս անգամ էլ կհաստատի իր բարձր կարգը։ Ստեփանը երեք գոտեմարտ անցկացրեց։ Նախ պարտության մատնեց այս քաշային կարգի ընդգծված առաջատարին՝ աշխարհի, Եվրոպայի և օլիմպիական խաղերի չեմպիոն սերբ ըմբիշին, կիսաեզրափակիչում պայքարից դուրս հանեց անցյալ տարվա Եվրոպայի չեմպիոն, ուկրաինացի մրցակցին, իսկ վճռական գոտեմարտում էլ պարտության դառը փաստի հետ համակերպվեց Իրանի ներկայացուցիչը։
74 կգ քաշային կարգում ամենափորձառուն աշխարհի նախորդ առաջնության հաղթող Ազիզ Ամոյանն էր՝ Պեկինի խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանի եղբայրը։ Ազիզը մեդալների իր հավաքածուում ունի նաև արծաթե և բրոնզե պարգևներ։ Ցավոք, վերջին մարզումների ժամանակ ոտքի լուրջ վնասվածք ստացավ, և անգամ համակերպվել էինք այն մտքին, որ Ազիզն առաջնությանը չի մասնակցի, սակայն նա դուրս եկավ գորգ և, միայն եզրափակիչում միավորներով զիջելով մրցակցին, արժանացավ աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսին։ Փաստորեն, մեր չորս ըմբիշներից միայն 55 կգ քաշային Դավիթ Ղազարյանին չհաջողվեց բարձրանալ պատվո պատվանդան։ Դավիթն ընդամենը 16 տարեկան է, այնպես որ նրա համար ամեն ինչ դեռ առջևում է։
Այս առաջնությունում բոլորից հաջող հանդես եկան Իրանի և Թուրքիայի պատվիրակները։ Նրանք նվաճեցին չեմպիոնական երկուական պարգև, մեկական հաղթանակ տոնեցին Ռուսաստանի, Պորտուգալիայի և Հայաստանի մարզիկները։ Չնայած հանդես եկանք թերի կազմով, այնուամենայնիվ, կարողացանք թիմային հաշվարկում գրավել հինգերորդ տեղը՝ մեզանից առաջ թողնելով Իրանի, Թուրքիայի, ՈՒկրաինայի և Ռուսաստանի հավաքականներին։
-Խորհրդային տարիների հզոր մարզական ընկերությունը, կարծես, կրկին վերադարձնում է իր առաջատար դիրքերը։ Պեկինից բրոնզե դափնիներով տուն վերադարձան Ռոմանն ու գյումրեցի ծանրորդ Տիգրան Մարտիրոսյան ավագը, իսկ ահա այժմ էլ ըմբիշները նոր էջ գրեցին հայկական սպորտի պատմագրքում, թեև, որքան գիտեմ, Ձեզ մոտ մարզումային պայմանները, մեղմ ասած, այնքան էլ լավ չեն։
-Վերջին երկու ամսում մեզ մոտ շատ բան է փոխվել։ Հանրապետության նոր ոստիկանապետն իր պաշտոնավարության հենց առաջին օրերից ձեռնամուխ եղավ «Դինամոյի» վերականգնման աշխատանքներին։ Մարզադահլիճի տանիքը, որը վաղուց հիմնանորոգման կարիք էր զգում, արդեն նորոգվել է, ավարտվել են շենքի ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքները, այնպես որ նախորդ տարիների ձմեռային շրջանի մղձավանջն այլևս չի կրկնվի, և երեխաներն էլ հնարավորություն կունենան մարզումներից հետո լոգանք ընդունելու։
Քանի որ «Դինամոն» հասարակական կազմակերպություն է, ուստի մոտ ժամանակներս գլխավոր ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այն կվերցնի ոստիկանության համակարգի մեջ, և «Դինամոն» աճուրդի դնելու հարց այլևս չի ծագի։ Տարիների ընթացքում կուտակված հիմնախնդիրները շտկելու գործով է զբաղված նաև ընկերության նորանշանակ ղեկավարը՝ նախարարության ֆիզդաստիարակության բաժնի պետ, «Դինամոյի» նախկին փոխնախագահ Սուրեն Ադամյանը, որի վրա է դրված նաև զինակոչային տարիքի երեխաների ծառայության հարցը։ Սրանից հետո այն մարզիկները, ովքեր միջազգային մրցումներում իրենց կդրսևորեն լավագույն կողմերով, սակայն աշխարհի և Եվրոպայի առաջնություններում 1-6-րդ տեղերը չեն գրավի, որպեսզի կես ճանապարհին չմնան, ծառայությունը կանցկացնեն ներքին զորքերում։
Պարոն Սարգսյանի այս ուշադրությունը միանգամայն հասկանալի է։ Ժամանակին նա ինքը մարզվել է ազատ ըմբշամարտով, նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումը, այնպես որ մեզ շատ լավ է հասկանում, ինչը չէի ասի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասին, որտեղ հավաքականի ըմբիշների անձնական մարզիչների դերը շարունակում են թերագնահատել։ Ռոմանը 15 տարի մեզ մոտ է մարզվել, վերջին ութ տարում աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում յոթ մեդալ է նվաճել։ Ես և Հարություն Խաչատրյանն ենք նրան հայտնաբերել և հասցրել այդ մակարդակին, իսկ ահա երբ եկել է աշխատանքը գնահատելու պահը, չգիտես ինչու, հաջողության դափնին տրվում է հավաքականի մարզիչներին։ Սա վերաբերում է բոլոր մարզիչներին, ովքեր հավաքականներին կադրեր են տալիս։ Ես համոզված եմ, որ եթե Պեկինում Ռոմանի հետ լինեի, նա շատ ավելի լավ հանդես կգար։ Ժամանակին նման առաջարկ արվեց, սակայն պատասխանեցին, որ գումար չունեն, և դա քննարկման հարց չէ։ Ստացվում է, որ սև աշխատանքը մենք ենք կատարում, մենք ենք Ամոյանին դարձնում Ամոյան, իսկ երբ գալիս է պտուղները քաղելու ժամանակը, մեծարվում են բոլորը, բացի մարզիչներից։ Ցավալի է, որ պետությունն անտեսում է մարզիչների դերը։ Մեր նկատմամբ ցուցաբերած այդ վերաբերմունքը շատ ծանր են տանում նաև իրենք՝ մարզիկները, որոնք ամեն ինչ տեսնում են, բայց չեն արտահայտվում։ Իսկ չէ՞ որ նրանք նաև մեր հերթափոխն են և արդեն այսօրվանից լիովին պատկերացնում են, թե վաղն իրենց ինչ է սպասում, եթե հավաքականների մարզիչների թվում չընդգրկվեն։
Կներեք, որ նման բաների մասին խոսեցի, բայց մի օր այս հարցն անպայման առաջ էր քաշվելու։ Ի դեպ, խոսքը բոլորովին էլ նյութականին չի վերաբերում։ Յուրաքանչյուր օր շուրջ հարյուր երեխայի հետ ենք աշխատում, և պետք է, նրանց աչքում միշտ բարձր գտնվենք։
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5614

Մեկնաբանություններ